National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2014
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 3

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցության ծրագրի օժանդակությամբ  կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով: Լսումներին ներկա էին Աժ պատգամավորներ, ստեղծագործական միությունների նախագահներ, մշակույթի գործիչներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշել է թիրախային հարցերը, որոնք վերաբերում են մշակութային կազմակերպությունների կառավարմանը, պետական աջակցությանը, մշակույթի ոլորտի սոցիալական երաշխիքներին եւ ստեղծագործական միությունների ու հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության ստեղծմանը: Այնուհետեւ պարոն Դավթյանը հանգամանալից ներկայացրել է ոլորտում առկա հիմնախնդիրները:

ՀՀ մշակույթի նախարարության վարած պետական քաղաքականությունը ներկայացրել է փոխնախարար Արթուր Պողոսյանը, ով նշել է, որ պետության կողմից մշակութային քաղաքականությունն իրականացվում է երկու սկզբունքով՝ կենտրոնացված կառավարման եւ ստեղծագործական ազատության: Շեշտը դրվում է մեր մշակույթի պահպանման, զարգացման եւ հանրահռչակման վրա: Խոսելով 2015 թվականին նշվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախատեսվող միջոցառումների մասին՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ ստացվել են հազարավոր հայտեր, եւ միջոցառումների ծրագիրն արդեն պատրաստ է: Մշակույթի փոխնախարարն անդրադարձել է նաեւ հուշարձանների պահպանության, թանգարանների վերանորոգման, գրադարաններում առկա խնդիրներին: Արթուր Պողոսյանը խոսել է նաեւ գյուղական համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման, թատրոնների եւ գրադարանների ստեղծման մասին: Նա կարեւորել է միջազգային հարթակներում հայկական մշակույթի հանրահռչակումը՝ նշելով, որ վերջին տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ում օրենսդրորեն կարգավորվել են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հետ կապված հարցերը:
Ծավալված հարցուպատասխանի ընթացքում զեկուցողները պատասխանել են ներկաների հարցերին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, անդրադառնալով Արցախում իրականացվող մշակութային քաղաքականությանը, նշել է, որ այն նպատակաուղղված է ոլորտի զարգացման կայունության ապահովմանը եւ հասարակության գիտակցության մեջ մշակույթի՝ որպես կարեւոր ոլորտի արմատավորմանը: Ըստ փոխնախարարի` առկա է Արցախի մշակութային ժառանգության ճանաչման խնդիրը, որի հիմքում ընկած է մշակութային ժառանգության ուսումնասիրությունը, պահպանությունը, ժամանակակից արվեստի զարգացումը, մշակութային երկխոսությունը, ինչպես նաեւ ստեղծագործական ներուժի բացահայտումն ու զարգացումը:
Պարոն Հովհաննիսյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքներ են տարվում նաեւ մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկատվական շտեմարանի ստեղծման ուղղությամբ: Այս հարցում առանցքային են համարվում մշակութային ավանդույթների վերականգնումն ու գյուղական համայնքների գրավչության բարձրացումը: Արցախի մշակույթի եւ երիտասարդության փոխնախարարը նշել է նաեւ, որ պարբերաբար աշխատանքներ են տարվում մշակութային նոր կապերի ստեղծման, ակտիվացման, միջազգային ինտեգրման ուղղությամբ:
Խորհրդարանական լսումների ավարտին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկել է ներկայացնել առաջարկությունները. դրանք  կուսումնասիրվեն հանձնաժողովի կողմից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am